1 սեպտեմբերի 2025

Աղետների ռիսկի կառավարման հարցերը քննարկեցինք Վայք և Մարտունի խոշորացված համայնքներում

Աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) հարցերը քննարկեցինք Վայք և Մարտունի խոշորացված համայնքների ԱՌԿ խորհուրդների և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ:

Օգոստոսի 19-20-ին Վայք համայնքում և 21-22-ին Մարտունի համայնքում` անցկացվեցին երկօրյա վերապատրաստման դասընթացներ՝ «Աղետների ռիսկի կառավարումը համայնքային մակարդակում» թեմայով։

Դասընթացի բովանդակությունը հիմնված էր համայնքների աղետների ռիսկի կառավարման պլանների վրա, որոնք մշակվել էին ավելի վաղ (հուլիս-օգոստոս ամիսներին)` համայնքային իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ:

Դասընթացները նպատակ էին հետապնդում ներկայացնել և քննարկել ԱՌԿ պլանները, դրանցով սահմանված աշխատանքները, արձագանքման ընթացակարգերը, անելիքների շրջանակը, հետաղետային վերականգնման տրամաբանությունը և այլն:

Երկու օր շարունակ մասնակիցները ոչ միայն լսեցին մասնագիտական դասախոսություններ, այլև ներգրավեցին գործնական և խմբային աշխատանքներում։ Նրանք փորձեցին գնահատել իրենց համայնքներին սպառնացող վտանգները, մշակել լուծումներ և պատկերացնել, թե ինչպես կարող են միասին բարձրացնել համայնքների պատրաստվածության և հնարավոր արտակարգ իրավիճակներին օպերտաիվ արձագանքման մակարդակը։

Ծրագրի առանձնահատկություններից ելնելով դասընթացի միջոցով առավել մանրամասն քննարկվեց համայնքի կողմից, ըստ անհրաժեշտության, բնակչության տարահանման կազմակերպման, ինչպես նաև այլ համայնքներից տեղահանված/ տարահանված բնակչությանը ընդունելու հետ կապված հարցերը:

Դասընթացներին ապահովվել էր գերատեսչական բազմազանություն, որ քննարկումները լինեին ավելի խորքային ու հետաքրքիր։ Մասնակցները ներկայացնում էին համայնքապատկան տարբեր կառույցներ, ներկա էին դպրոցներից, բժշկական հաստատություններից, համայնքներում գործող հասարակական կազմակերպություններից, Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից և ոստիկանությունից, մարզպետարաններից և համայնքները սպասարկող մի շարք ենթակառուցվածքներից։

Քննարկումները հնարավորություն տվեցին մասնակիցներին կիսվել իրենց դիտարկումներով, առաջարկներով, որոնք հաշվի կառնվեն համայնքների ԱՌԿ պլանները վերջնականացնելու ժամանակ։

Վերապատրաստման դասընթացները, ինչպես նաև Վայք և Մարտունի համայքների ԱՌԿ պլանների մշակումը իրականացվել է «Հայաստանում համայնքների դիմակայունության և աղետներին պատրաստվածության կարողությունների հզորացում բռնի տեղահանվածների համար» ծրագրի շրջանակներում` ԵՄ Քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության ծառայություն (ECHO)-ի ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի ՓԳՀ-ի, Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության, ՆԳՆ Փրկարար ծառայության, Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի հիմնադրամի, HEKS EPER-ի, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և գործընկեր համայնքների համատեղ ջանքերով: