10 հունվարի 2026

Մասիս համայնքի 5 դպրոցի համապարփակ օժանդակություն է տրամադրվել աղետների ռիսկի կառավարման կարողությունների բարելավման ուղղությամբ

2025թ-ի օգոստոս – դեկտեմբեր ամսիների ընթացքում Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համատեղ նախաձեռնության շրջանակում և վերջինիս ֆինանսական օժանդակությամբ Մարմարաշենի, Սայաթ Նովայի, Սիսի, Նորամարգի և Ռանչպարի միջնակարգ դպրոցներին տրամադրվել է համակողմանի օժանդակություն ուղղված ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման կարողությունների բարելավմանը:

Օժանդակության անհրաժեշտությունը բացահայտվել էր դեռևս 2024թ-ին Մասիս համայնքում իրականացված դաշտային վարժանքի (համայնքային մակարդակ) արդյունքների ամփոփման ժամանակ, որտեղ համաձայն ուսումնավարժության սցենարի, նշված դպրոցներից 4-ը տարահանվող դպրոցներ էին, իսկ 1-ը` ընդունող:

Տրամադրված օժանդակություն

Աղետների ռիսկի կառավարման պլանների մշակում և մշակման գործընթացի ուսուցում

Բոլոր դպրոցներում իրականացվել են «Աղետների ռիսկի կառավարման պլանների մշակման հիմունքներ» թեմայով վերապատրասումներ, որոնց արդյուքնում դպրոցները արդեն առավել լավ են պատկերացնում ԱՌԿ պլանի մշակման ամբողջ գործընթացը և դպրոցները ունեն թարմացված, որակապես ավելի լավ ԱՌԿ պլաններ, որոնք համաձայնեցվել են Արարատի մարզային փրկարարական վարչության հետ։ Դասընթացներն անցկացվել են ԱՌԿ պլանի մշակման տրամաբանական քայլերի հաջորդականությամբ՝ տեսական և գործնական աշխատանքներ իրականացնելով։ Դասընթացին ներգավել են ինչպես աշխատակիցները, այնպես էլ աշակերտները: Վերջիններս կարևոր դեր են ունեցել ԱՌԿ պլանի մշակման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրման և ճշգրտման գործընթացում՝ սերտ համագործակցելով դպրոցի անձնակազմի հետ։ Վտանգների բացահայտման և գնահատման հարցում նույնպես քննարկում է ծավալվել, որտեղ հաշվի են առնվել թե՛ աշակերտների, թե՛ աշխատակազմի կարծիքները և դիտարկումները։ Դասընթացի երկրորդ օրը ԱՌՆԱՊ հիմնադրամի մասնագետները դասընթացի 1-ին օրվա գործնական աշխատանքների/առաջադրանքների արդյունքների հիման վրա ներկայացրել են արդեն պատրաստի ԱՌԿ պլանները` քննարկելով և ճշգրտումներ կատարելով պլանում։

Դասընթացներ են իրականացվել ԱՌԿ պլանով սահմանված ոլորտային պատասխանատուների և խմբերի համար: Մասնավորապես.

Առաջին օգնություն

Բարելավվել են առաջին օգնության տրամադրման կարողությունները: Երկօրյա դասընթացի (յուրաքանչյուր դպրոցում մեկական դասընթաց) միջոցով գիտելիքներ և հմտություններ փոխանցվել աշխատակազմին և սովորողներին:

Հրահանգիչները ներկայացրել են առաջին օգնության էությունը, հրատապ գործողությունների փուլերը, գիտակցության ստուգումը, շնչուղիների խցանման ձևերը և օգնության քայլերը, կողքի ապահովության դիրքի բերելը, սիրտ-թոքային վերակենդանացման քայլերը, օգնության քայլեր արյունահոսության, այրվածքների, կոտրվածքների, թունավորումների, հանկարծահաս հիվանադագին վիճակների և այլ շատ դեպքերի համար: Ներկայացված տեղեկատվությունը հմտության վերածելու համար իրականացվել են գործնական աշխատանքներ: Իսկ նմանակման դեպքերի միջոցո ստուգվել են մասնակիցների կարողությունները բեմադրված դեպքերին գրագետ արձագանքելու տեսանկյունից: Բոլոր դասընթացներին միասին մասնակցել են 155 մարդ, որից 99-ը դպրոցների աշխատակազմից էին, իսկ 66-ը աշակերտ:

Առաջին հոգեբանական օգնություն

«Առաջին հոգեբանական օգնությանն (ԱՀՕ) արտակարգ իրավիճակներում» թեմայով դասընթացն իրականացվել է դպրոցների ԱՀՕ պատասխանատուների և խմբի անդամների համար՝ նոր ինտերակտիվ և մասնակցային մոտեցմամբ: Մասնակիցները ոչ միայն լսել են տեսական նյութ, այլև ներգրավվել են դերային խաղերի, խմբային վարժությունների ու իրական իրավիճակների նմանակումների մեջ։

Առաջին օրը քննարկվել են․

  • Առաջին հոգեբանական օգնության (ԱՀՕ) հիմնական սկզբունքները, դրա նպատակը և կիրառման իրավիճակները։
  • ԱՀՕ պատասխանատուների ընտրությունը, դերաբաշխումը և տարեկան պլանի կազմակերպումը։
  • Արտակարգ իրավիճակում ճիշտ արձագանքի, հուզական ու ֆիզիկական անվտանգության ապահովման և արդյունավետ հաղորդակցության սկզբունքները։
  • ԱՀՕ նախապատրաստական քայլերը՝ կարգավորումներ, առաջնային ծառայությունների կազմակերպում, դիսթրեսի մեջ գտնվող մարդկանց հետ ճիշտ շփում և ռիսկային խմբերի առանձնահատկություններ։
  • Հոգեբանական օգնության տրամադրման փուլերը՝ կապի հաստատում, կայունացում, տեղեկատվության հավաքագրում։
  • Բեմադրվել են դերային խաղեր, որոնց ընթացքում մասնակիցները փորձարկել են իրական իրավիճակներին մոտեցված սցենարներ։

Երկրորդ օրը մասնակիցները զարգացրել են իրենց գործնական հմտությունները․

  • Կատարվել է նախորդ օրվա ամփոփում և հարց–պատասխան։
  • Քննարկվել են գործնական օգնության հիմնական փուլերը՝ կարիքների բացահայտում, ճշգրտում, գործողությունների պլանավորում և անհապաղ արձագանք։
  • Ներկայացվել են հաղթահարման ու ուղղորդման մեխանիզմները՝ հուզական աջակցություն, վնասելի խմբերի ուղեկցում և օգնության տրամադրման համապարփակ ավարտ։
  • Վերլուծվել են բարդ իրավիճակներ՝ խմբային աշխատանքի միջոցով մշակելով լուծումներ։
  • Կատարվել են լրացուցիչ գործնական վարժություններ՝ դերային խաղեր, սցենարների մշակում և միջանձնային հաղորդակցական հմտությունների զարգացում։

Օրը եզրափակվել է ընդհանուր քննարկմամբ և առաջարկություններով: Մասնակիցների ընդհանուր թիվը եղել է 16, որից 13-ը ուսուցիչներ էին, 3-ը` աշակերտ:

 Հրդեհային անվտանգություն

Մյուս թեման, որը քննարկվել է դպրոցների  ներկայացուցիչների հետ հրդեհային անվտանգության հարցերն էին:

Պաստասխանատուների հետ խոսել ենք օրենսդրական պահանջներից մինչև որպես քաղաքացի անելիքների, դպրոցներում հրդեհների հիմնական պատճառների, նյութատեխնիկական հագեցվածության, դրանց նպատակային օգտագործման, հրդեհային անվտանգության նորմերի պահպանման, գործնական պարապմունքների, հրդեհի դեպքում` արձագանքման ընթացակարգերի մասին, ինչպես նաև իրականացրել ենք խմբային աշխատանքներ, կազմակերպել հարց և պատասխան: Այս դասընթացին մասնակցել են ընդհանուր թվով 15 աշխատակից և աշակերտ:

 Տարահանում և պատսպարում

Դասընթացներից հերթականը նվիրված է եղել արտակարգ իրավիճակներում տարահանման և պատսպարման կազմակերպմանը։

Մասիսի համայնքապետարանի հյուրընկալության ներքո մասնակիցների հետ քննարկել ենք՝

  • որոնք են բնակչության պաշտպանության ձևերն արտակարգ իրավիճակներում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով տարահանմանը և պատսպարմանը,
  • տարածաշրջանին բնորոշ այն վտանգները, որոնց դեպքում կարող է առաջանալ տարահանվելու կամ պատսպարվելու անհրաժեշտություն, և ինչ գործողություններ են պետք իրականացնել յուրաքանչյուր իրավիճակում,
  • ինչպես ճիշտ կազմակերպել տարահանման և պատսպարման գործընթացը,
  • ինչ են պաշտպանական պարզագույն կառույցները և ինչ լուծումներ կարելի է գտնել դրանց բացակայության դեպքում,
  • և այլն:

Դասընթացն անցել է ակտիվ քննարկումների մթնոլորտում․ մասնակիցները բարձրացրել են իրենց հուզող հարցերը, կիսվել փորձով, իսկ բոլոր հարցերին տրվել  պարզ ու հասկանալի բացատրություններ։

Առանձին անրադարձ է կատարվել նաև համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանին՝ հատկապես տարահանման և պատսպարման հատվածին։ Քննարկվել է, թե ինչ դեր ու անելիքներ ունեն ուսումնական հաստատությունները` որպես համայնքի կարևոր մաս։

Ազդարարում և տեղեկատվության փոխանակում

Ոլորտային վերջին խումբը, որը վերապատրաստվել է ազդարարման և տեղեկատվության փոխանակման խմբերն  էին, որոնց անդամների հետ քննարկել ենք ՀՀ-ում առկա ազդարարման համակարգը, ներքին ազդարաման համակարգերը, ազդարարաման ազդանշանները, դրանցից յուրքանչյուրի նշանակությունը և անհրաժեշտ գործողությունները դրանք լսելու դեպքում: Մասնակիցները ծանոթացել են տեղեկատվության փոխանակման սկզբունքներին, ձևերին և միջոցներին: Քննակվել են ոլորտային խմբի անելիքները և' նախապատրաստական փուլում, և' արձագանքման: Իրականացվել է մեկ դասընթաց, որին ընդգրկվել են բոլոր 5 դպրոցի 14 ներկայացուցիչ, որից ուսուցի 10 և աշակերտ 4:

 Տեղեկատվական անվտանգություն

Վերջին վերապատրաստման թեման «Տեղեկատվական անվտանգություն»-ն էր, որի նպատակն էր անձնակազմի և աշակերտների շրջանում զարգացնել տեղեկատվական անվտանգության ոլորտում գիտելիքները, ձևավորել թվային միջավայրում անվտանգ և պատասխանատու վարքագիծ, բարձրացնել ուսումնական գործընթացում մասնակցությունն ու ներգրավվածությունը, ինչպես նաև տրամադրել գործնական հմտություններ տեղեկատվության պաշտպանվածության և ռիսկերի կանխարգելման համար:

Նպատակին հասնելու համար նախաձեռնության շրջանակում մշակվել է երկու ուսումնական ծրագիր, որից մեկը նախատեսված է ուսուցչական անձնակազմի, մյուսը ուսուցիչների համար:

Ընդհանուր առմամբ իրականացված 5 դասընթացին մասնակցել է 320 մարդ, որից 75 ուսուցիչներ էին, իսկ 245-ը` աշակերտ:

Գործնական ուսումնավարժություններ

Դասընթացների միջոցով փոխանցված գիտելիքների գործնական կիրառումը փորձարկելու համար բոլոր դպրոցներում իրականացվել են ուսումնավարժություններ:

Դրանք անց են կացվել նախօրոք մշակված սցենարների հիման վրա:

Մինչ բուն վարժանքի իրականացումը` յուրաքանչյուր դպրոցում հակիրճ և ընդհանրական հրահանգավորում է իրականացվել, ևս մեկ անգամ քննարկելով յուրաքնչյուրի դերերն ու անելիքները:

Բուն վարժանքի համար` բեմադրվել են իրավիճակային միջանկյալներ (վնասվածքներ, հոգեբանական տրավմաներ, անհետ կորածներ և այլն), որի ժամանակ դիտորդական թիմն ակնադիտել է դպրոցի արձագանքը բեմադրված արտակարգ իրավիճակին:

Իսկ վերջում, վարժանքի ավարտից հետո, քննարկվել են արդյունքները, որի ժամանակ առաջինը դպրոցի անձնակազմն է իր գնահատականը տվել իրականացված գործողություններին, ապա ԱՌՆԱՊ հիմնադրամի մասնագիտական խումբը համակարգված ամփոփել է այն:

Վարժանքներին մասնակցել են այդ պահին դպրոցում գտնվող ողջ անձնակազմը (աշխատակազմ, ծնողներ, աշակերտներ):

Նյութատեխնիկական աջակցություն

Որպես ամփոփիչ գործողություն բոլոր դպրոցներին տրամադրվել է աղետների ռիսկի կառավարման համատեքստում որոշակի գույք-տեխնիկա: Տրամադրված ապրանքների տեսակները բոլոր դպրոցների համար նույն էին, տարբեր էին դրանց քանակները` ելնելով դպրոցի չափերից, կարիքից և նախաձեռնության ֆինանսական հնարավորություններից: